1988-1991 թ. թ. ժամանակաշրջանում ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների գործունեությունից
Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի՝
«1988-1991թ.թ. ժամանակաշրջանում ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների գործունեությունից» թեմայով ցուցափեղկը
1988-1991 թ.թ. ժամանակահատվածը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինների պատմության մեջ: 1988 թ. փետրվարին սկիզբ առած Արցախյան շարժման և հայ ժողովրդի արդարացի պահանջների նկատմամբ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների խուսանավող դիրքորոշումը, որպես դրա հետևանք՝ Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների բացահայտ թշնամական վերաբերմունքը, նպաստեցին Ադրբեջանի հետ ԼՂԻՄ և Հայկական ԽՍՀ հարաբերությունների կտրուկ սրմանը, Թուրքիայի հետ հարաբերություններում պայթյունավտանգ զարգացումների հնարավորության առաջացմանը:
1988 թ. փետրվարյան ամենաբազմամարդ հանրահավաքներից մեկը (կոլլաժ)
Խորհրդային զորքերը` Ազատության հրապարակում և շրջակայքում (1988 թ. աշուն)
Քաղվածք՝ Հայաստանի Գերագույն խորհրդի` 23.08.1990 թ. «Հայաստանի անկախության մասին» հռչակագրից
Հայաստանի ՊԱԿ-ի կոլեկտիվի դիմումը Գերագույն խորհրդին`
անկախության մասին հռչակագրին սատարելու վերաբերյալ (21.09.1990 թ.)
Քաղվածք` ԽՍՀՄ ՊԱԿ տեղեկագրից (1989 թ. փետրվար, թիվ 2)
Այս իրողությունը ՀԽՍՀ պետանվտանգության մարմիններից պահանջում էր մշտական զգոնություն և իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում հնարավոր ադրանքների կանխում:
Իսկ 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ստեղծեց ծանրագույն, արտակարգ մի իրավիճակ, որին համարժեք դիմակայելու համար պետանվտանգության մարմինների ողջ անձնակազմից պահանջվում էր ուժերի բացառիկ լարում և մաքսիմալ օպերատիվություն:
ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների աշխատակիցները այդ օրերին զբաղված էին ոչ միայն փրկարարական աշխատանքներով և բնակչությանը նյութական օգնություն տրամադրելով, այլև հանդիսանում էին այն համախմբող կենտրոնը, որի շուրջ առավել ծանր օրերին միավորվում էին աշխատունակ մարդիկ, և որին օգնության խնդրանքով դիմում էին տուժվածները:
«1988-1991 թ.թ. ժամանակաշրջանում ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների գործունեությունից» վերտառությամբ թեմատիկային նվիրված՝ Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի ցուցափեղկում տեղադրված են հետևյալ ցուցանմուշները՝
- ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին միջնորդությամբ դիմելու մասին (20.02.1988 թ.)
- Սումգայիթյան ոճրագործության զոհերի ոչ լրիվ ցուցակը` 07.09.1989 թ. դրությամբ
- Լուսանկար՝ խորհրդային զորքերը` Ազատության հրապարակում և շրջակայքում (1988 թ. աշուն)
- Հայաստանի Գերագույն խորհրդի` 23.08.1990 թ. «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը
- Հայաստանի ՊԱԿ-ի կոլեկտիվի դիմումը Գերագույն խորհրդին` անկախության մասին հռչակագրին սատարելու վերաբերյալ (21.09.1990 թ.)
- Լուսանկարներ` 07.12.1988 թ. երկրաշարժի հետևանքներից և փրկարարական աշխատանքների ընթացքից
- Լուսանկար՝ 07.12.1988 թ. երկրաշարժի հետևանքները Նալբանդ գյուղի մոտակայքում
- Քաղվածք` ԽՍՀՄ ՊԱԿ տեղեկագրից (1989 թ. հունվար, թիվ 1)
- Քաղվածք` ԽՍՀՄ ՊԱԿ տեղեկագրից (1989 թ. փետրվար, թիվ 2)
- Լուսանկար՝ Ադրբեջանի կողմից հետերկրաշարժյան շրջափակման հետևանքով Գյումրիի երկաթգծի կայարանում ստեղծված իրավիճակը
- Տեղեկանք՝ 21.11.1989 թ. կանխված մաքսանենգության վերաբերյալ քրեական գործով և ստացված իրեղեն ապացույցների լուսանկարները
![]()







