17.07.2010
Ս.թ. հուլիսի 15-ին, էլեկտրոնային փոստով հայաստանյան որոշ լրատվամիջոցների ուղարկվել է նամակ-փաստաթուղթ, որի հեղինակները իբր թե ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ են:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ ներկայացող անձինք նամակում փորձում են կեղծ,
չհիմնավորված և կողմնակալ ապատեղեկատվություն տարածել ՀՀ իշխանության
օղակներում գործող պետական բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ, նրա
անունը շրջանառելով արտերկրի հատուկ ծառայությունների գործունեության
համատեքստում: Զուգահեռաբար փորձ է արվում քննադատելու և վարկաբեկելու ՀՀ
բարձրագույն ղեկավարությանը, ՀՀ ԱԱԾ համակարգը:
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ տարածված նամակը քաղաքական և լրատվական
որոշակի շրջանակների հերթական չհաջողված արկածախնդրության դրսևորումներից
է, ինչը բաձարձակապես չի համապատասխանում իրականությանը և չի կարող
անգամ ճշմարտանման լինել: Նամակը իր բովանդակության և կառուցվածքի
առումով կարելի է բնութագրել որպես դիլետանտիզմի, անգրագիտության և
ուղղորդված պատեհապաշտության օրինակ: Նույնատիպ փաստաթուղթ հրատարակվել
էր նաև վերջերս ՀՀ ԱԱԾ ղեկավարներից մեկի վերաբերյալ:
Կարելի է փաստել, որ այդ տիպի նամակների պատվիրատուներն ու կատարողները
քարոզչական ստահոդ հնարքների են դիմում անելանելիությունից և փակուղային
իրավիճակից դրդված, սպառելով քաղաքական և լրատվական դաշտում քաղաքակիրթ
մրցապայքարի իրենց բոլոր հնարավորությունները:
ՀՀ ԱԱԾ-ն վերը նշված բնույթի նամակ-փաստաթղթերի, տեղեկատվությունների
տարածումը գնահատում է որպես ՀՀ պետականության և նրա անվտանգության
խնդիրներով զբաղվող պետական կառույցի, դրա կայուն գործելակերպի դեմ ուղղված
գործողություններ, որի նպատակը ՀՀ ներքաղաքական իրավիճակը որոշակիորեն
լարելն է ու արտերկրում ՀՀ նկատմամբ անվստահության ձևավորումը: ՀՀ ԱԱԾ-ն
գտնում է, որ այդ տիպի գործողությունները միանշանակ կերպով դատապարտելի
են հասարակական և իրավական դաշտում, դրանց իրական հեղինակների
բացահայտման խնդրում ՀՀ ԱԱԾ-ն հետամուտ է լինելու:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

