21.10.2011

  Ս.թ  հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական  միջոցառումների  արդյունքում կասեցվել է ք. Երևանի, Սոսեի փ. 13 հասցեում գտնվող <<Երևանի  ժամացույցների գործարան>>  ԲԲԸ-ի  վարչական շենքի  վարձակալած  տարածքում գործող, ապօրինի խաղատան  <<Պոկեր ակումբ>>-ի գործունեությունը: ՀՀ  ԱԱԾ վարչական շենք բերման  են  ենթարկվել <<Պոկեր ակումբի>> կազմակերպիչ, Հովհաննես Կարապետի Ալեքսանյանը, ծնվ. 1968թ.,  ակումբի 3  դիլերներ, 1 մատուցող, և  9 այցելուներ /այդ  թվում օտարերկրյա  քաղաքացիներ/:

  Պարզվել է, որ   Հ. Ալեքսանյանի  <<Պոկեր ակումբը>>   գործել  է  ի  խախտումն <<Շահումով խաղերի և խաղատների  մասին>>  ՀՀ օրենքի  պահանջների /խաղատուն կամ շահումով խաղ  կարող է կազմակերպվել միայն  համապատասխան   լիցենզիայի առկայության դեպքում, քաղաքային  համայնքների  վարչական սահմաններից դուրս/:

  ՀՀ քրեական օրենսգրքի 188 /ապօրինի  ձեռնարկատիրություն/ և 205 /հարկերը, տուրքերը կամ պարտադիր  այլ վճարումները  վճարելուց  չարամտորեն  խուսափելը/  հոդվածներով նախատեսված  հանցագործության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր`  ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն փոխանցելու համար (տեսանյութ):

ՀՀ ԱԱԾ Մամուլի  կենտրոն