20.12.2011
Դեկտեմբերի 20-ին ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը:
Մասնագիտական օրվա առթիվ, Ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, ուր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուղերձում, շնորհավորելով Ազգային անվտանգության աշխատակիցներին , ՀՀ նախագահը պատգամել էր <<շարունակել հաղթահարել բոլոր դժվարությունները և պատվով լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի, պետական սահմանի պահպանության խնդիրները` համարժեք արձագանքելով առկա մարտահրավերներին>>:
Հանրապետության նախագահի հրամանագրով մի շարք ծառայողներ արժանացել էին պետական բարձր պարգևների և զինվորական կոչումների, որոնք հանձնեց վարչապետ Տ. Սարգսյանը:
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը պարգևատրվեց ԱՊՀ պատվոգրով` ԱՊՀ-ի զարգացման և ամրապնդման մեջ մեծ ներդրման համար:
Հանդիսավոր նիստին ելույթ ունենալով, ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը նշեց, որ մասնագիտական տոնը Ազգային անվտանգության ծառայության անձնակազմը դիմավորում է գործունեության ոլորտներում արձանագրված ակնառու ձեռքբերումներով: Ելույթում գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը հատուկ ընդգծեց Ադրբեջանի հետախուզության կողմից Թուրքիայում հավաքագրված Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող գործակալների բացահայտումը: Անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները այդ անձանց օպերատիվ մշակումները իրականացրել են հատուկ ծառայությունների գործելաոճի դասական կաններով, օպերատիվ հնարքների ճկուն և հնարամիտ կիրառմամբ, ապահովելով լրտեսական գործունեության սպառիչ, ամբողջական և անհերքելի ապացույցների ստացում: ԱԱԾ տնօրենի հավաստմամբ, կատարված աշխատանքների բարձր պրոֆեսիոնալիզմը պատիվ կբերեր ցանկացած երկրի հատուկ ծառայությանը:
ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը շնորհավորելով աշխատակիցներին քաջառողջություն, ուժ, եռանդ ու հաջողություն մաղթելով, նաև նշեց, որ <<Հայաստանի հատուկ ծառայությունները գոյություն ունեն արդեն 91 տարի: Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ էլ նրանք գործել են Հայրենիքի անմնացորդ նվիրումով, երկրի հաջող ապագայի հավատքով, պետության կայացման դժվարին ճանապարհի ձեռքբերումները պահպանելու, բազում նոր հաջողություններով ամրագրելու մղումով: Համոզված եմ, որ կանցնեն շատ տարիներ, սակայն մեզ հաջորդող սերունդները նույն հպարտությամբ, ոգևորությամբ և արժանապատվորեն կշարունակեն տոնել այս օրը, հավատարիմ կմնան մեր պատգամներին, կկարողնան պահպանել անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները, և ի զորու կլինեն մեր երկրին ու ժողովուրդը զերծ պահել հնարավոր վտանգներից ու սպառնալիքներից>>:
Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի շարք աշխատակիցների շնորհավորեցին և գերատեսչական պարգևներ հանձնեցին նաև ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի հրամանագրերով մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով, թանկարժեք նվերներով և պատվոգրերով:
![]()

