20.04.2018

     Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, բացահայտել և կանխել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման հերթական դեպքը։

     Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր մարմինների էլեկտրոնային փոստերին Նիդեռլանդների Թագավորությունում գրանցված IP-հասցեից ադրբեջանական կոնտակտային տվյալներով ուղարկվել են վնասաբեր ծրագրեր պարունակող էլեկտրոնային նամակներ, որոնք հնարավորություն են տալիս համակարգչային ցանցերում պահվող տեղեկատվությունը գաղտնի պատճենահանելու և Ավստրալիայում գրանցված IP-հասցեի սերվերին փոխանցելու։

     ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի և ցանցերի աշխատանքին անօրինական միջամտությունն անհապաղ խափանվել է՝ հիշյալ վնասաբեր ծրագրերը վնասազերծվել են, և տեղեկատվության արտահոսքը կանխվել է։

     Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի («Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը») հատկանիշներով քննվող քրեական գործով ուղարկվել են իրավական օգնության միջնորդություններ, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավասու մարմինների ներգրավմամբ ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ վերը նշված վնասաբեր ծրագրերը մշակող և օգտագործող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: 


     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն