15.08.2018

ՀՀ ԱԱԾ պատվիրակությունն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր

     Օգոստոսի 10-11-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր:

     Այցի շրջանակում ղեկավար կազմը պաշտոնական հանդիպում ունեցավ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԱԾ և Պաշտպանության բանակի ղեկավար կազմի հետ:

     Առաջնային նպատակ դիտարկելով գործունեության բացառապես հիմնավոր ծավալումը՝ կողմերը համաձայնության եկան առավել սերտացնել անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությունը և նոր մեկնարկ տալ հնարավոր բոլոր ուղղություններով համատեղ ծրագրերին:

      ՀՀ ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ խոնարհեց եղբայրական գերեզմանատանը, որտեղ ամփոփված են Ղարաբաղյան պատերազմի զոհերի աճյունները:

     Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ԱԱԾ տնօրենը եղավ նաև հարավարևմտյան ուղղությամբ գործող զորամասերից մեկում, ծանոթացավ հայրենիքի սահմանները պահող զինվորների առօրյային, ծառայության կազմակերպման ընթացքին: 

     Այնուհետև տնօրեն Ա. Վանեցյանը այցելեց նաև առաջնագիծ, տեղում հետևեց օպերատիվ-մարտավարական իրադրությանը, անմիջական շփում ունեցավ զինծառայողների հետ՝ ծանոթանալով նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության ընթացքին: (Լուսանկարներ)