17.08.2018

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության ևս մեկ դեպք

     Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ: (Տեսանյութ)

     Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի օգոստոսի 13-ին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները փորձել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխել Վրաստան՝ Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ երկիր:

     ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներով պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ. Ի.-ին ԻԻՀ-ում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով շուրջ 8 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, ապա, շրջանցելով հայ-իրանական անցակետը, ապօրինի մուտք է գործել ՀՀ տարածք: Գտնվելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո, Մ. Ի.-ին թմրամիջոցների փաթեթները փոխադրել է Երևան քաղաքի ուղղությամբ, որի մատույցներում և բռնվել է վերջիններիս կողմից:

     Շարունակելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները ԱԱԾ աշխատակիցներին հաջողվել է պարզել նաև թմրամիջոցների պատվիրատու հանդիսացող երկու անձանց՝ ՀՀ քաղաքացի Ն. Խ.-ին և Վրաստանի քաղաքացի Ջ. Կ.-ին, ովքեր բացահայտվել ու բռնվել են օպերատիվ հսկողության ներքո թմրամիջոցը իրենց փոխանցելու պահին:

     Վերջիններս պատրաստվում էին թմրամիջոցը տեղափոխել Վրաստան և իրացնել:

     Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում Մ. Ի.-ն, Ն. Խ.-ն և Ջ. Կ.-ն ձերբակալվել են:

     Նախաքննությունը շարունակվում է:

     

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: