04.12.2018

Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը

     Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք: (Տեսանյութ)

     Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:  

     Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: 

     Այն քաղաքացիները, ովքեր տուժել են Մհեր Եղիազարյանի նմանօրինակ գործողություններից, խնդրում ենք դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` զանգահարելով 010 57-93-16 հեռախոսահամարով:

     

     Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: