Հարցազրույց ՀՀ ԱԱԾ Տնօրենի հետ - 16.12.2009
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի հարցազրույցը "Արմենպրես" գործակալությանը
1. Պարոն Հակոբյան, պատրաստ է արդյոք Ձեր ղեկավարած գերատեսչությունը հայ-թուրքական սահմանի բացմանը:
Ազգային անվտանգության ծառայությունը կայացած կառույց է, և վստահեցնում եմ Ձեզ, որ սահմանապահ զորքերը, դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանության վարչությունը, ինչպես նաև հակահետախուզական, ահաբեկչության դեմ պայքարի և այլ ստորաբաժանումները առանց մեծ ջանքերի, պատշաճորեն կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները: Անհրաժեշտության դեպքում ձեռք կառնվեն լրացուցիչ միջոցներ: Այս կապակցությամբ ՀՀ նախագահին և Ազգային անվտանգության խորհրդի նիստին զեկուցվել է: Ազգային անվտանգության ծառայության ուժերն ու միջոցները հնարավորություն են տալիս լիովին վերահսկել օպերատիվ իրավիճակը, և Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ցանկացած ոտնձգություն կկասեցվի սկզբնական փուլում:
2. Ըստ մամուլի հրապարակումների` սահմանի հայ-վրացական հատվածում գոյություն ունեն անհամաձայնություններ և անգամ` դիմակայություն: Ինչպես կմեկնաբանեք իրադրությունը:
Սահմանի հայ-վրացական հատվածում պաշտպանությունն իրականացվում է ԽՍՀՄ պետական սահմանագծով, և առայժմ որևէ տեղաշարժ այստեղ չկա: Հայաստանի Հանրապետության հյուսիսային սահմանին արդեն կառուցվել են 17 ուղեկալներ` համալրված ինժեներատեխնիկական ժամանակակից միջոցներով: Հայ-վրացական սահմանազատման աշխատանքների ընթացքում որոշակի անհամաձայնությունները լուծելու համար պարբերաբար հանդիպում են սահմանագծման, սահմանազատման կառավարական հանձնաժողովների ներկայացուցիչները, քննարկում ու լուծումներ են տալիս հարցերին: Բոլոր դեպքերում այս հանձնաժողովների աշխատանքների արդյունքները պիտի վավերացվեն երկու երկրների օրենսդիր մարմինների կողմից, և միայն դրանից հետո կունենանք սահմանային պաշտպանության հստակ գիծ, որի երկայնքով էլ կիրականացվի սահմանապահ ծառայությունը:
3. Վերջերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաճախակի է հանդես գալիս հերթական կաշառակերի բացահայտման հայտարարությամբ: Այսինքն շատացել են կաշառակերության դեպքերը, թեև ուժեղացվել է դրա դեմ պայքարը: (Ժողովրդի մեջ հնչում է այն կարծիքը, թե դրանք փոքրիկ ձկնիկներ են, իսկ կհասնի արդյոք հերթը շնաձկներին):
Կոռուպցիան ունի բարձր մասնագիտական հմտություններ. անընդհատ դիմափոխվում, ձևափոխվում և կատարելագործվում է, ու այս պայմաններում նրա դեմ պայքարն արդյունավետ կլինի քաղաքացիական հասարակական տարբեր ինստիտուտների ու բնակչության ակտիվ աջակցության դեպքում: Մեր կողմից բացահայտված կոռուպցիայի դեպքերը չեն կարող հիմնովին փոխել իրավիճակը, բայց դրանք մեր գերատեսչության հանդեպ հասարակության կողմից աճող վստահության խոսուն վկայությունն են:
Ձեր ասած շնաձկներին վնասազերծելու համար հանրությունը պետք է լինի անարդարությունների հետ չհամակերպվող և այդ չարիքի դեմ պայքարելու համար համագործակցի իրավապահ մարմինների հետ: Դժբախտաբար մեր իրականության մեջ շատերն են հակված խրթին հարցերը լուծել կաշառքի միջոցով, սակայն քաղաքակիրթ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ նման արմատացած չարիքի դեմ արդյունավետ պայքարը պայմանավորված է յուրաքանչյուրի քաղաքացիական գիտակցությամբ: Մի խոսքով, երևույթի դեմ պիտի պայքարի ամբողջ ժողովուրդը, այլ ճանապարհ չունենք:
4.Մոտ կես տարի առաջ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվեցին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի պատվիրատուն ու կատարողները. ինչ փուլում է գտնվում այժմ գործը:
Այս հանցագործությունը լիովին բացահայտված է: Հետախուզման մեջ է գլխավոր պատվիրատուն, որը, անկասկած, ուշ թե շուտ կբերվի Հայաստան: Հուսով եմ, որ անմիջական կատարողների խումբը դեռ երկար տարիներ հնարավորություն չի ունենա կատարել նմանատիպ հանցագործություններ:
5. Ազգային անվտանգության ծառայության կողմից լրտեսության, դավաճանության մեղադրանքով ձերբակալված Գևորգ Հայրապետյանը ՀՀ նախագահին և մամուլին ուղղված իր նամակներում հերքում է իրեն մեղսագրվածը և փորձում դրանց տալ քաղաքական աստառ:
Լրտեսության համար դատապարտված Մուրադ Բոջոլյանը նույնպես տարբեր ճանապարհներ է փնտրում արդարանալու համար, փորձում իր բանտարկությանը քաղաքական աստառ տալ: Դրանում չկա ոչ մի տարօրինակ բան. դա մեղադրյալի հոգեբանություն է` փորձում են աղավաղել իրականաությունը, մոլորեցնել հանրությանը: Վստահեցնում եմ, որ միայն անհերքելի փաստերի առկայության դեպքում է Ազգային անվտանգության ծառայությունը նման լրջագույն մեղադրանք ներկայացնում: Ամեն դեպքում վերջնական խոսքը դատարանինն է:
6.Հակերների հաձակումներից զերծ չեն անգամ պաշտոնական կայքերը, ձեռնարկվել են արդյոք քայլեր տեղեկատվական դաշտի անվտանգության ուղղությամբ:
ՀՀ Կառավարության որոշման հիման վրա Ազգային անվտանգության ծառայության կողմից ստեղծվել է հատուկ հանգույց, որը հնարավորություն է ընձեռում բարձրացնել տեղեկատվության հնարավոր արտահոսքի դեմ պայքարի հուսալիությունը, պետական մարմինների էլեկտրոնային կայքերի անվտանգությունը:
Մենք օգտվում ենք տեխնիկայի վերջին միջոցներից, որոնք օգտագործում են առաջատար հատուկ ծառայությունները, և ունենք հնարավորություն այդ միջոցները յուրաքանչյուր տարի թարմացնել ժամանակի պահանջին համապատասխան նորագույն սարքավորումներով:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր ստեղծած հանգույցի շնորհիվ համակարգչային հակերների հարձակումներից պաշտոնական կայքերը լիովին պաշտպանված են:
7.Մամուլում կարծիքներ են հնչում, որ փոքր է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն, ցածր` աշխատակիցների աշխատավարձը և այդ պարագայում հնարավոր չէ արդյունավետ դիմակայել գերատեսչության առջև ծառացած մարտահրավերներին:
Իհարկե, մեր բյուջեն և աշխատակիցների վարձատրությունը դեռևս փոքր է, թեև վերջին տարիներին գրանցվել են աշխատավարձի բարձրացումներ: Բայց պնդել, որ դա հնարավորություն չի տալիս արդյունավետորեն դիմակայել մարտահրավերներին, ի սկզբանե նշանակում է չհասկանալ մեր աշխատանքի էությունը, կարևորությունը: Պաշտպանել հայրենիքի անվտանգությունը մեծ պատիվ և պատասխանատվություն է, և չի կարելի այն պայմանավորել միայն վարձատրությամբ: Մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցները ստանում էին 2,5-3 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, բայց իրենց պարտականությունները կատարում էին անձնուրացորեն` անմնացորդ նվիրվելով հայրենիքի անվտանգության խնդիրների լուծմանը:
Կասկած չունեմ, որ առաջիկայում մեր աշխատակիցները կստանան արժանի վարձատրություն:
8.Վերջերս հաճախակի են դարձել Ձեր պաշտոնաթողության մասին լուրերը:
Ոչինչ հավերժ չէ, սակայն առայժմ պետք է հիասթափեցնեմ իմ ընդդիմախոսներին, որ տեսանելի ապագայում այդ հաճույքը նրանց չեմ պատճառի:
9.Աշխատանքի Ձեր ծանրաբեռնվածությամբ արդյոք ժամանակ գտնում եք հարազատների, ընկերների հետ շփվելու, հանգստանալու համար:
Փորձում եմ ժամանակ գտնել շփվելու և՛ ընկերներիս, և՛ հարազատներիս հետ: Տեխնիկայի սրընթաց զարգացումը հանգեցրել է նրան , որ թոռնիկներիս հետ շփվում եմ Skype կապի միջոցով, ծիծաղելի է, բայց դա այդպես է:
10.Ինչպես կգնահատեք համակարգում երկար տարիների Ձեր աշխատանքային գործունեությունը:
Այս տարի սեպտեմբերի 1-ին լրացավ ազգային անվտանգության համակարգում իմ ծառայության 40 տարին: Այդ երկար տարիների ընթացքում եղել են և՛ հաջողություններ և՛ դժվարություններ և՛ հիասթափություն: Բայց հենց այդ խոչընդոտների հաղթահարմամբ է աշխատանքը դառնում հետաքրքիր: Այն գիտակցումը, որ դու ծառայում ես հայրենիքիդ, ապահովում նրա անվտանգությունը հպարտությամբ է լցնում հոգիդ: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը և իմ աշխատանքից ամեն օր հաճույք եմ ստանում:
11.Դեկտեմբերի 20-ին նշվում է ազգային անվտանգության մարմինների աշխատողի մասնագիտական օրը: Թույլ տվեք շնորհավորել Ձեզ գալիք տոնի առթիվ:
Շնորհակալություն շնորհավորանքի համար: Օգտվելով առիթից ցանկանում եմ ազգային անվտանգության մարմինների բոլոր աշխատակիցներին, համակարգի վետերաններին, նրանց բոլորի ընտանիքների անդամներին շնորհավորել մեր մասնագիտական տոնի առթիվ: Սրտանց ցանկանում եմ քաջառողջություն, հաջողություններ ծառայության մեջ և անձնական կյանքում: Ազգային անվտանգության մարմինների վետերաններին առանձնահատուկ մաղթում եմ ավյուն, կորով, երկար տարիների ակտիվ գործունեություն, հատկապես համակարգի երիտասարդ սերնդին փորձ ու հմտություն հաղորդելու շնորհակալ գործում:
![]()

